Խաղողօրհնեք

28/11/2023 Ընթերցման ժամանակը - 3 րոպե

Ավանդույթները ազգային մշակույթի, ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից են, որոնց հետ երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնելը, դրանց պահպանումն ու սերնդեսերունդ փոխանցելը ազգի հարատևման կարևոր նախապայմաններից են։ Այս իսկ պատճառով «Բարձունքը»՝ որպես ազգային գիտակրթական կենտրոն, հետևողական ու նախանձախնդիր է համաժողովրդական, համահայկական տոների հանրահռչակման գործում։ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության, կամ ինչպես ժողովրդական ավանդույթի մեջ է ամրագրված՝ Վարդավառի տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որում գեղեցիկ կերպով միահյուսվում են եկեղեցական տոնի խորհուրդն ու ազգային ավանդական տոնակատարության գեղեցկությունն ու ուրախությունը։
Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Համաձայն Ավետարանի՝ Հիսուսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթեոս** 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս** 9.29):
Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականացնել Աստծո կամքը: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսիվարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելովհայտնեց Իր Աստվածությունը**: Այս տոնին ջուր ցողելու ավանդույթն իր հերթին գալիս է դեռևս Նոյ նահապետից։ Ջրհեղեղից հետո Նոյը ջուր ցողեց՝ ասելով, որ Աստված խոստում է տվել այլևս աշխարհը չկործանել ջրհեղեղի միջոցով։ Ջուր ցողվելը երկրի ոռոգման, ինչպես նաև հոգևոր և մարմնական ախտերից մաքրման, ապաքինման իմաստն ու խորհուրդն է կրում։ Հայերիս մոտ դեռևս հնուց սովորույթ կար․ քանի որ Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկի հավաքին, տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից** « Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն: Եկեղեցու բեմը և Ս. Սեղանը զարդարում էին հազարավոր ծաղիկներով ու վարդի փնջերով: Մինչ եկեղեցում երգում էին « Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Մարմին տերունական»-ը, դրսում երիտասարդները աղավնի էին թռցնում: Եթե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան**:
Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի ժողովրդական սովորությունների ողջ բույլին ոչ միայն ծանոթանալու, այլև դրանց անմիջական մասնակիցը դառնալու, դրանց նշանակությունը խորապես ըմբռնելու, տոնի ուրախությունն ու խորհուրդը զգալու և հասկանալու համար այս կիրակի՝ հուլիսի 16-ին կմեկնենք Արագածոտնի մարզի Ագարակ հնավայր։ Տեղում Խնդումի և Պուրմա տիկինի խաղերով ու պատրաստման արարողությամբ, ծաղկահյուսեր պատրաստելով, խնձոր խորովելով, ուրախ ջրախաղին մասնակցելով, ինչպես նաև ազգային երգուպարով այս լուսավոր տոնի հաղորդակիցն ու մասնակիցը կդառնանք։ Օրը լի է լինելու գեղեցիկ ու անկրկնելի պահերով, ինչպես միշտ, երբ Լույսի խորհրդի շուրջ են հավաքվում դեպի բարձունք ձգտող և ընթացող բարձունքցիները։