Նավասարդ

07/02/2024 Ընթերցման ժամանակը - 3 րոպե

#Նավասարդ. հայերի ազգային ինքնության օր


Հին Հայաստանում Նոր տարին նշում էին օգոստոս, կամ, ինչպես հնում էին այն անվանում, Նավասարդ ամսին (նավա-նոր և սարդ-տարի բառերից)։ Ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։ Ի դեպ, փաստ է, որ շատ հին քաղաքակրթություններ օգտվել են Հայկյան անշարժ օրացույցից, որի սկիզբը օգոստոսի 11-ի առավոտյան ժամը 04:00-ն է
Ներկայումս հայկական տոնացույցում այս օրն ամրագրված է ոչ միայն որպես հին նոր տարի, այլև՝ որպես ազգային ինքնության տոն։ Օրվա ընտրությունը պատահական չէ. այդ օրը Հայկ նահապետի տարած մեծ հաղթանակը Բելի հանդեպ դարձել է Հայոց Բուն տոմարի սկիզբը։ Ղևոնդ Ալիշանի հաշվարկի համաձայն՝ այդ հաղթական ճակատամարտը տեղի է ունեցել Ք. ա. 2492թ. օգոստոսի 11-ին, որն էլ դարձել է տոմարի մեկնակետը, եղել է Նավասարդ ամսվա առաջին՝ Արեգ օրը։ Նավասարդի Արեգ օրը և դրան նախորդող Ավետյաց ամսվա հինգ տոնական օրերը մեր նախնիները նշել են «Նավասարդյան տոներ» կոչվող տոնակատարություններով։
Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը, երբ այգիներում հասունանում են հայկական հողի ու ջրի բարիքները։ Ուստի, այն համարվում էր նաև բերքի ու բարիքի, ցորենի, հացի առատության տոն։ Նավասարդի տոնակատարությունը տևում էր մեկ շաբաթ՝ ուղեկցվելով ժողովրդական ուրախ խրախճանքներով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում, ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներով մեծ շուքով նշում այն։ Տոնի գլխավոր ուտեստները՝ կորկոտն ու հարիսան էին: Նախիջևանի և Երևանի գավառներում տարածված էր հարիսան, իսկ Արցախում նույն հարիսան քէաշկեկ կամ քէշկէկ էին անվանում: Գողթնում հարիսայի հետ նաև խաշ էին եփում, իսկ Խնձորեսկում սկուտեղին յոթ տեսակի միրգ էին դնում, որը տանտիկինը մատուցում էր ընտանիքի անդամներին և հյուրերին:
Տոնը նշվում էր նախ Բագավանում և ապա՝ Աշտիշատում, որտեղ իշխում (եռում էին) էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին։ Տեղի էին ունենում նաև մրցումներ՝ Նավասարդյան խաղերը, որոնց ժամանակ մարզիկները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի ու հոգու ուժը։
Նավասարդը հայերի ամենասիրելի տոներից էր, որովհետև այդ օրը մարդիկ մոռանում էին բոլոր խռովությունները, փորձում էին հաշտվել, կազմակերպում էին տարբեր խաղեր, երեխաները երգելով շրջում էին գյուղում և երդիկներից տոպրակներ կամ գուլպաներ էին կախում, որոնց մեջ տանտիրուհիները քաղցրեղեն, մրգեր կամ մետաղադրամ էին լցնում։ Նավասարդը եղել է կյանքի հարատևություն խորհրդանշող, բերք ու բարիքի տոն, և մարդիկ ի սրտե հավատացել են, որ այն իրենց տները հաջողություն և խաղաղություն կբերի:
Քրիստոնեության ընդունումից հետո տոնը որոշակի փոփոխություններ է կրել և պահպանվել հիմնականում Սյունիքում, Պարսկահայքում: Ներկայումս այս տոնը, դրա խորհուրդն ու նշանակությունը կրկին վերարժևորվում են ազգագրագետների, տոմարագետների և աստղագետների կողմից։ Մասնագետների ուսումնասիրությունները շատ հետաքրքրական բացահայտումների են բերում։
Այս տարի ևս օգոստոսի 11-ին ժամը 04:00-ին Հայկ-Օրիոնը կբարձրանա իր երկնային գահի վրա: Շատ հայ և անգամ պարսիկ ուխտավորներ այս օրը կհամախմբվեն հինավուրց Քարահունջի աստղադիտարանում, կուսումնասիրեն աստղային երկինքը, կդիտեն Հայկ-Օրիոն համաստեղության ծագումը երկնակամարում, ավանդական օրենքների համաձայն՝ կտոնեն հին տոմարով Նոր տարին և իրենց «ներքին ժամացույցները» կհամապատասխանեցնեն հայկական հին տոմարով տարեսկիզբը նշանավորող ժամանակացույցին։