Վարդավառ
Ավանդույթները ազգային մշակույթի, ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից են, որոնց հետ երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնելը, դրանց պահպանումն ու սերնդեսերունդ փոխանցելը ազգի հարատևման կարևոր նախապայմաններից են։ Այս իսկ պատճառով «Բարձունքը»՝ որպես գիտակրթական կենտրոն, հետևողական ու նախանձախնդիր է համաժողովրդական, համահայկական տոների հանրահռչակման գործում։
Քրիստոսի Պայծառակերպության, կամ ինչպես ժողովրդական ավանդույթի մեջ է ամրագրված՝ Վարդավառի տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որում գեղեցիկ կերպով միահյուսվում են եկեղեցական տոնի խորհուրդն ու ազգային ավանդական տոնակատարության գեղեցկությունն ու ուրախությունը։
Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով հայտնեց Իր Աստվածությունը:
Հայերիս մոտ դեռևս հնուց սովորույթ կար․ քանի որ Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկի հավաքին, տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:
Վարդավառի ժողովրդական սովորությունների ողջ բույլին ոչ միայն ծանոթանալու, այլև դրանց անմիջական մասնակիցը դառնալու, դրանց նշանակությունը խորապես ըմբռնելու, տոնի ուրախությունն ու խորհուրդը զգալու և հասկանալու համար այսօր՝ հուլիսի 16-ին մեկնում ենք Արագածոտնի մարզի Ագարակ հնավայր։ Տեղում Խնդումի և Պուրմա տիկինի խաղերով ու պատրաստման արարողությամբ, ծաղկահյուսեր պատրաստելով, խնձոր խորովելով, ուրախ ջրախաղին մասնակցելով, ինչպես նաև ազգային երգուպարով այս լուսավոր տոնի հաղորդակիցն ու մասնակիցը կդառնանք։
Օրը լի է լինելու գեղեցիկ ու անկրկնելի պահերով, ինչպես միշտ, երբ Լույսի խորհրդի շուրջ են հավաքվում դեպի բարձունք ձգտող և ընթացող բարձունքցիները։