Սևանա լճի օր
Սևանա լիճը՝ հայերիս գոյաբանական կարևորագույն բաղադրիչներից մեկը՝
կենսական ջրի աղբյուրը, իր ռազմավարական դերով ու նշանակությամբ, այսօր, առավել
քան երբևէ, տիրոջ վերաբերմունք է պահանջում։
Այսօր Սևանա լճի օրն է, որը 1999թ․ ի վեր նշում ենք օգոստոսի վերջին կիրակի օրը։
Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրը սկիզբ է առել դեռևս 1933-ին, երբ
ԽՍՀՄ իշխանությունները սկսեցին կյանքի կոչել Սևանն ավելի արդյունավետ և
շահութաբեր դարձնելու գաղափարը․ որոշվեց «չորացնել» Սևանը՝ իջեցնել ջրի
մակարդակը, Սևանից թողնել մի փոքրիկ մաս, իսկ ազատված հողերն ու ջուրը օգտագործել
գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։ Այս գործողություններն աղետալի
հետևանքներ ունեցան լճի համար, որոնք շարունակում են խորանալ։
Սևանա լճի հանդեպ մեր վերաբերմունքը երբեմն, ցավալիորեն, օգտապաշտական
է, հաճախ՝ որոշակի առումով՝ ռոմանտիկ-հուզական։ Մինչդեռ Սևանը կարևոր
նշանակություն ունի ոչ միայն մեր հանրապետության համար։ Այն տարածաշրջանային
քաղցրահամ ջրի միակ հսկայական աղբյուրն է և հանդիսանում է կլիմայագոյացնող
կարևոր գործոն։ Բացի այդ, Սևանի ավազանը հարուստ է պատմական, մշակութային
խորը, հարուստ ու բազմաշերտ հիմքով (Լճաշեն, Սևանավանք, Հայրավանք, հինավուրց
բնակատեղիներ, խաչքարեր), որի պահպանությունը կրկին՝ պետական նշանակության
խնդիր է։
Լճի պատմությունը ուսումնասիրելիս բացահայտվել է Օձաբերդի սեպագիր
արձանագրությունը, որ մեզ է հասել Ուրարտուի Ռուսա II թագավորից (730-714 մ.թ.ա.): Այս
գյուտը դարձավ Սևանա լճի «ծննդյան վկայական», որտեղ լճի անունը նշված է՝ որպես
«Սուինիա» կամ «Ծոփնիա»: Սևանա լճի մյուս հին անվանումը՝ «Գեղամածովը», հայերի
անվանադիր Հայկ Նահապետի ծոռնորդի Գեղամ Նահապետի անվան հետ է կապվում։
Հայերս երբևէ լիովին չենք գիտակցել ու այս պահին էլ թերևս չենք գիտակցում
ջրային այս կարևոր ու բացառիկ ավազանի կենսական նշանակությունը մեր
գոյաբանական խնդիրների ծիրում և շարունակում ենք անխնա ու անմիտ կերպով ոչ
միայն օգտագործել Սևանա լճի պաշարները, այլև անխղճորեն աղտոտում ենք այն, չենք
ձեռնարկում Սևանին սպառնացող ճահճացման գործընթացը խոչընդոտելու անհրաժեշտ
քայլեր։ Այստեղ, ինչպես և մեր երկրին վերաբերող մյուս բոլոր կենսական նշանակության
բնական ու մշակութային ժառանգության դեպքում է, հայերիս մեջ իսպառ բացակայում է
տիրոջ վերաբերմունքը։
Ներկայիս պատերազմները հիմնականում ընթանում են, առաջին հերթին, հենց
քաղցրահամ ջրերի համաշխարհային պաշարների տիրապետման համար։ Պատահական
չէ, որ թշնամի պետությունը՝ որպես իր ռազմական գործողությունների թիրախային
ուղղություններից մեկը, ընտրել է հենց Սևանա լճի ավազանը։
Փաստ է, որ Սևանի ներկայիս աղետալի վիճակը վատ կառավարման հետևանք է։ Եվ
Սևանի «ծաղկումը» նրա բողոք-պատասխանն է իր հանդեպ անհարկի անլուրջ
վերաբերմունքի։
Աշխարհի բոլոր լճերը դասակարգվում են՝ ըստ էկոլոգիական տարիքի։ Սևանն
այսօր գտնվում է մեզոտրոֆ (միջին) և էֆտրոֆ (ծեր) լճերի սահմանագծին։ Կան
պարբերական ճահճացման նշաններ, կենդանական և բուսական աշխարհի
հավասարակշռությունը փոփոխված է։ Սևանա լճի համար գերխնդիր են նաև հարակից բնակավայրերից, արտադրական օբյեկտներից և լճի շուրջը կառուցապատված հանգստյան
տներից լիճ թափվող կեղտաջրերը։ Մաքրման կայանները Սևանա լճի համար խիստ
անհրաժեշտություն են։ Իսկ ջրի պարբերական «ծաղկումները» ահազանգ են այն մասին,
որ անհետաձգելի քայլերի անհրաժեշտություն կա։
Սևանը բարդ էկոհամակարգ է, որի բոլոր բաղադրիչները միմյանց հետ խիստ
փոխկապակցված են։ Կարևոր բաղադրիչներից է կենդանական սննդային շղթան։ Այն
նման է շրջված բուրգի, որի ստորին հատվածում ֆիտոպլանկտոնն է կամ ջրիմուռները,
որոնք պատում են լիճն ու թույներ արտանետում։ Երկրորդը զոոպլանկտոնն է։ Այնուհետև
խեցգետնակերպերը և վերջապես՝ ձուկը։ Եթե այս բուրգի բնականոն
կենսագործունեությունը խաթարվում է, առաջ են գալիս բնապահպանական խնդիրներ։
Ձկնագողությունն ու խեցգետնի ահռելի քանակությամբ որսը այն խնդիրներից են, որոնք
ուղղակիորեն ազդում են այս հավասարակշռության վրա։
Ամեն ինչ, սակայն, կորած չէ։ Նմանատիպ բարեհաջող ընթացքով ու ելքով օրինակ է
Ֆրանսիական Անսի լիճը, որը հաջողվել է փրկել՝ շրջակա բնակավայրերի բնակիչների և
կառավարության համատեղ ջանքերով։ Արդեն տասը տարի է, ինչ ֆրանսիացիները ոչ
միայն կարողանում են վտանգավոր ջրիմուռները հեռացնել լճից, այլև այդ գործընթացից
շահույթ են ստանում՝ ջրից մաքրվող ջրիմուռների մեթանիզացման գործարանի հիմնման
շնորհիվ։ Դրանցում գոյություն ունեցող բակտերիաները առաջացնում են մեթան և այլ
գազեր, որոնք մաքրելով՝ ստանում են 97 տոկոսանոց մաքուր մեթան, իսկ վաճառքից
ստացված հասույթն օգտագործում են ջրի մաքրման նոր որակի տեխնոլոգիաներ ձեռք
բերելու համար։
Ներկայումս Սևանա լճի բնապահպանական վիճակի մոնիթորինգն իրականացվում
է ոչ թե անընդհատ, այլ տարեկան մի քանի անգամ։ Սա պատճառաբանվում է միջոցների
սղությամբ։ Վրլուծություններ և, որ շատ կարևոր է, կանխատեսումներ չեն
իրականացվում։ Չի քննարկվում նաև կոյուղաջրերի հեռացման հարցը լուծող
կենսաբանական մաքրման կայանքների հարցը, որոնց ձեռքբերումն ու տեղադրումը
մասնագետների պնդմամբ՝ ընդամենը մի քանի մլն եվրո գումարի խնդիր է։
Հավատարիմ ՀՀ հիմնախնդիրների վերհանման, գիտակրթական և վերլուծական
հանձնառությանը՝ «Բարձունքը» իր նախաձեռնությունների շրջանակում նախատեսում է
նաև համապատասխան մասնագետների՝ անվտանգային և բնապահպանական ոլորտի
փորձագետների հետ հանդիպում-քննարկումներ, որոնց օգնությամբ վերոնշյալ
խնդիրներն ավելի խորքից ուսումնասիրելու, վերլուծելու և, իհարկե, տիրոջ զգացումով
դրանց լուծումները գտնելու, անհրաժեշտ քայլերին աջակցելու ուղղությամբ
աշխատանքներ կձեռնարկվեն։