Թարգմանչաց տոն

07/02/2024 Ընթերցման ժամանակը - 2 րոպե

#Թարգմանչաց_տոն
Սուրբ Թարգմանչաց տոն կամ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց, հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։
Գրերի գյուտից անմիջապես հետո Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց աշակերտներն անցան թարգմանական աշխատանքներին, որոնց նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, հայալեզու դպրություն սկզբնավորելու ճանապարհով:
Հայերենով առաջին նախադասությունը եղավ Սողոմոնի «Առակաց գրքից» թարգմանված հատվածը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ապա սկսվեց Աստվածաշունչ մատյանի ամբողջական թարգմանությունը, որը տևեց ընդհանուր առմամբ 30 տարի և ֆրանսիացի գիտնական Լա Կրոզի կողմից համարվեց «Թարգմանությունների թագուհի»: Թարգմանության մի մասը կատարվել է ասորերենից, իսկ մյուս մասը՝ հունարենից։ Աստվածաշնչի գլխավոր թարգմանիչներն էին Սահակ Պարթևը, Հովսեփ Պաղնացին, Կորյուն Սքանչելին, Ղևոնդ Անանդեցին և Հովհաննես Եկեղեցացին։
Այս անփոխարինելի ներդրման համար էլ Հայ Առաքելական եկեղեցին սահմանեց հատուկ տոն՝ Ս. Թարգմանչաց տոնը, որն ամեն տարի նշվելով, հիշեցում է դառնում Աստծո խոսքը լսելու, հասկանալու և այն հասանելի դարձնելու կարևորության մասին:

Բարձունք #Bardzunk #Հայաստան #Armenia #Թարգմանչացտոն

Հեղինակներ: Ալեքս, Test
18 Դիտում