Դեպի բարձունք
Կրթվե՛նք, զարգանա՛նք, բարձրանա՛նք
Ի՞նչ է
«Դեպի բարձունք» նախագիծը մեր կրթական շարժման հենասյուներից է։ Այն անձնային աճի և համայնքային զարգացման ակումբային ձևաչափ է՝ նախատեսված դպրոցականների համար։
«Դեպի բարձունքը» տարածք, փորձագիտական ներուժ և մեթոդաբանություն է՝ միտված աշակերտների անձնային շարունակական աճի, էկոլոգիական մտածելակերպի խթանմանը, ակտիվ և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը և փոփոխվող աշխատաշուկայում առավել արդյունավետ կողմնորոշման ապահովմանը։
Ինչի՞ համար է
Նախագիծը ներգրավում է VIII-IX դասարանների աշակերտներին։ Տարիքային խմբի ընտրությունը նպատակային է․ դպրոցական կրթության այս փուլում աշակերտները ապագայի իրենց ծրագրերը հստակեցնելու, մասնագիտական աճի ուղին որոշելու, ինչպես նաև դպրոցի, համայնքի և, ընդհանուր առմամբ, երկրի նկատմամբ իրենց պատասխանատվության աստիճանը հասկանալու կարիք ունեն։
Այս հարցերը առավել քան արդիական են, քանի որ երկիրը գտնվում է լրջագույն փոխակերպումների փուլում, իսկ համաշխարհային դաշտում տեղի են ունենում բարդ վերադասավորումներ, տեխնոլոգիական ճեղքումներ և բազմաթիվ համամոլորակային խնդրահարույց գործընթացներ (կլիմայի փոփոխություններ, համաճարակներ, ռազմական լարումներ, աշխատաշուկայի դրամատիկ փոփոխություններ)։
Այս պայմաններում խիստ կարեւոր է աշակերտերի մեջ անձնային շարունակական աճի ուժգին մղում սերմանելն ու արդի իրականության մեջ կողմնորոշվելու և պատասխանատու դիրքորոշում որդեգրելու գործընթացներում նրանց աջակցելը։
Ինչպե՞ս
Կրթական ծրագիրը մշակվել և իրականացվում է «Բարձունք» կրթական շարժման կամավորների և փորձագիտական թիմի կողմից։ Ծրագիրն ունի չորս հիմնական աշխատանքային ուղղություններ՝
- անձնային աճ
- դպրոց – համայնք – պետություն
- մարդ – բնություն կապ
- մասնագիտական կողմնորոշում
Որտե՞ղ և ե՞րբ
«Դեպի բարձունք» առաջին ակումբը 2022թ.-ից գործում է Արարատի մարզի Այնթապ գյուղում։ 2023-2024թթ. հիմնվել է ևս 5 ակումբ ՀՀ Արագածոտնի, Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում։
Ի՞նչ արդյունքներ ակնկալել
Նախագծի ավարտին, որը նաև նոր սկիզբ է, քանի որ խմբակի անդամների հետ մեր ճամփորդությունը շարունակական բնույթ ունի, աշակերտները կարող են․
- մշակել սեփական անձնային աճի նախագծեր և ապահովել շարունակական կրթության գործընթացը բազմազան կրթական գործիքներով,
- ավելի արդյունավետ աշխատել գրականության և առցանց կրթական ռեսուրսների հետ,
- կիրառել ԱԲ-ի վրա հիմնված նորարարական աշխատանքային գործիքներ և վարել հիբրիդային աշխատանք նման տեխնոլոգիական լուծումների հետ,
- մշակել և վարել բնությանը առավել քիչ վնաս պատճառող կենսակերպ՝ խնամքով վերաբերվելով իրենց միկրոէկոմիջավայրին,
- ավելի լավ ճանաչել և արժեւորել ՀՀ բնական, կենսաբանական և պատմամշակությաին հարստությունը,
- վերլուծել իրենց տարբեր մակարդակների համայնքների (դպրոց, համայնք, պետություն, մոլորակ) խնդիրները և մշակել դրանց լուծման նորարարական և ստեղծարարական լուծումները,
- կողմնորոշվել վերջին ժամանակներս խիստ փոխակերպումների ենթարկվող աշխատաշուկայում և ճանաչել վերացող և նոր առաջացող մասնագիտությունները:
Կարևոր է իմանալ
Նախագծի շրջանակում նախատեսվում է առաջիկա 10 տարում ակումբներ ստեղծել 200 դպրոցներում, դպրոցի աշակերտների առնվազն 20%-ի ներգրավմամբ։
Աջակցի՛ր ծրագրին։ Քո ներդրմամբ օգնի՛ր կրթվել, զարգանալ և բարձրանալ այսօր։